Նվիրիր կյանք


բարեգործական հիմնադրամ

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳ

     2015 թվականի հունիսի 18-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Երևանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի ամենամյա բարեգործական հաշվետու համերգը, որն արդեն շուրջ 4 տարի է, ինչ ավանդաբար իրականացվում է <<Երեխաները երեխաների համար>> խորագրի ներքո և  համերգի ողջ հասույթը փոխանցվում է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին:

 Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս ոչ միայն ինչ-որ չափով օգտակար լինել հիմնադրամի շահառու երեխաների բուժմանը, այլ նաև համերգին մասնակից շուրջ 400 երեխաներին դաստիարակել ու սովորեցնել, թե ինչքան կարևոր է չլինել անտարբեր և փորձել ուժերի ներածին չափով օգնել իրենց այն հասակակիցներին, որոնք անցնում են բուժման ծանր ճանապարհով և ունեն իրենց ջերմ սիրո և աջակցության կարիքը:

    Համերգն իր ներկայությամբ պատվել  էր «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի պատվավոր  նախագահ , ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ինչպես նաև հրավիրված էին հիմնադրամի հովանու ներքո գտնվող բազմաթիվ երեխաներ և ծնողներ, որոնք մեծագույն հաճույքով հետևում էին Մանկապատանեկան կենտրոնի երեխաների ներկայացրած համերգային ծրագրին:

   Համերգի ժամանակ նաև անակնկալ էր նախապատրաստվել հիմնադրամի շահառու այն փոքրիկների համար, որոնք դեռ բուժման ճանապարհին են: Մանկապատանեկան կենտրոնի  «Կամերտոն» վոկալ արվեստի ստուդիայի սաներն առաջին անգամ կատարեցին  «Դու ծնվել ես ապրելու համար» երգը, որի հեղինակը հենց երեխաներն են, ովքեր իրենց սրտից բխող առողջության մեծագույն մաղթանքն էին փոխանցում հիմնադրամի երեխաներին: